ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

04:24 • 28.02.17

Փետրվարի 28-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ում՝ «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում, Mercedes C class մակնիշի 34 RM 288 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին:


Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: