Այս պահին՝ թողնում ենք բնակիչների հայեցողությանը. Սեյսմիկ պաշտպանության պետը՝ երկրաշարժի վտանգից բնակիչների տուն գնալ-չգնալու մասին

14:11 • 28.02.17

 

«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 10:17-ին Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է 2 հետցնցում` մայր ցնցումից ավելի նվազ:

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս է գնահատվում հետցնցումների վտանգը: 

-Հետցնցումներն ավելի թույլ են, քան մայր ցնցումը: Քաջարանում, Կապանում, մերձակա գյուղերում՝ 4 բալի կարգի, նախնական տվյալներն այդպիսին են: Մենք տվյալները մշակում ենք:

-Իսկ քանի՞ հետցնցում է եղել:

-Եղել է  2 հետցնցում` առաջինը` 4 բալ ուժգնությամբ, 2-րդը` 2-3՝ Էպիկենտրոնում:  Այսինքն` ցնցումները գնացել են դեպի նվազեցում: Այս հարցն այսօր քննարկվեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

-Իսկ այն, որ այսօր ջերմաստիճանը Սյունիքում +16 աստիճան է, դրանից որևէ ենթադրություն պե՞տք է անել:

- Չէ, չէ, դա ոչ մի կապ չունի, անցեք առաջ:

-Իսկ Սյունիքի շինությունների վթարայնության գնահատում կատարվելո՞ւ է:

-Գնահատվել է, նայել են, ահազանգեր են եղել: Սյունիքի փրկարարական վարչությունից մարդիկ գնացել են։ Հենց նոր տարածքային վարչության պետը զեկուցեց, որ ոչ մի ավերածություն չկա:

- Իսկ շենք-շինությունների վթարայնության մասով:

-Այն ահազանգները, որ եղել, ըստ Փրկարար ծառայության վարչության պետի, տեղում նայել են, չկա ոչ մի վնասվածք:

- Սյունիքի ԱԻՆ ճգնաժամային կենտրոնը բնակիչներին կարգադրել էր 1 ժամով դուրս գալ բնակարաններից, հիմա մարդկանց  կարո՞ղ եք ասել, որ մտնեն ներս, գնան իրենց տները:

- Այս պահի դրությամբ՝ թողնում ենք բնակիչների հայեցողությանը, որովհետև որևէ հստակ ինֆորմացիա չեմ կարող ասել այդ առումով: