Ես վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է. Բակո Սահակյան
Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է, դրան այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` gazeta.ru-ին տված հարցազրույցում:
«Ես և Արցախի ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչև հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ: Բայց ես, միևնույն է, վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է: Դրան այլընտրանք պարզապես չկա»,- ասել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանի խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին միակ խոչընդոտը:
«Մենք հանդես չենք գալիս ագրեսիվ, շովինիստական և ռազմատենչ հայտարարություններով, և մենք չունենք նման քաղաքականություն: Պաշտոնական Բաքուն մինչդեռ, ցավոք, իրեն ճիշտ հակառակն է պահում: Հենց Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին միակ խոչընդոտը»,- ասել է նա:










