Օգտատերերը հաղթել են Google-ի դեմ լուսանկարների գաղտնիության վերաբերյալ դատական գործը

16:56 • 01.03.17

Չիկագոյի դաշնային դատարանը երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, վճռել է, որ աշխարհում ամենախոշոր որոնողական համակարգը՝ Google-ը, խախտում է գաղտնիության քաղաքականությունն օգտատերերի մասնավոր լուսանկարներն օգտագործելիս: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:


ԱՄՆ Իլինոիս նահանգի շրջանային դատավոր Էդմոնդ Չանգը վճռել է, որ առանց օգտատերերի գիտության մասնավոր լուսանկարների յուրաքանչյուր օգտագործման համար Google-ը պետք է տուգանվի 1-ից մինչև 5 հազար դոլար գումարով: Գործակալությունը նշում է, որ դատավորն առաջնորդվել է նահանգի օրենսդրությամբ, մասնավորապես կենսաչափական տվյալների գաղտնիության մասին օրենքով:


Չանգը հրաժարվել է ընդունել Google-ի փաստարկներն այն մասին, որ նահանգի օրենքը հակասում է նահանգների միջև առևտրի պաշտպանության մասին դաշնային օրենսդրությանը:


Ինտերնետային հսկան պնդում էր նաև, որ ընկերությունը պարզապես չի կարող ստուգել լուսանկարների աշխարհագրությունը, թե արդյոք դրանք արվել են Իլինոիսում, թե որևէ այլ տեղ:


Գործակալությունը նշում է, որ դատավորի որոշումը նախադեպ է ստեղծում: Այժմ օգտատերերը կկարողանան հիմնվել այդ որոշման վրա իրենց դատական գործերում՝ այդ թվում Կանադայի և Եվրոպայի տարածքներում:

 

Օգտատերերը հաղթել են Google-ի դեմ լուսանկարների գաղտնիության վերաբերյալ դատական գործը