Թրամփը խոստացել է «շատ մոտ ապագայում» կառուցել Մեքսիկայի հետ սահմանին պատն ու հեռու պահել երկրի համար վտանգ ներկայացնողներին

09:43 • 01.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսում, որտեղ անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի:


Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսելով միգրացիոն քաղաքականության մասին՝ 70-ամյա ղեկավարը նշել է, որ «երկրի սահմաններից հեռու կպահի ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնող բոլոր մարդկանց»: Նախագահը նաև մանրամասնել է, որ այժմ իր վարչակազմն աշխատում է միգրացիոն նոր հրամանագրի վրա:


Թրամփը կոչ է արել հանրապետականներին ու դեմոկրատներին միասին աշխատել և միգրացիոն բարեփոխումների ծրագիր մշակել:


Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է աղմկահարույց պատի մասին, որը պետք է կառուցվի Մեքսիկայի հետ սահմանին: Թրամփը նշել է, որ պատի կառուցումը կսկսվի «շատ շուտով»: Միևնույն ժամանակ, նա չի մանրամասնել, թե ով է վճարելու շինարարական աշխատանքների համար: Ավելի վաղ նա հայտարարում էր, որ վճարողը Մեքսիկան է լինելու: