Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում հանդիպման ընթացքում կքննարկեն ԼՂ խնդիրը. «Իզվեստիա»

09:59 • 01.03.17

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: ՀՀ նախագահը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կմնա երկու օր, որոնց ընթացքում նա կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի աշխատակազմում աղբյուրի:


Հանդիպման մասին տեղեկությունը թերթին հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Թերթի տվյալներով՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Բացի այդ, աղբյուրների տեղեկություններով, կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր:


Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Մոսկվա կայցելի ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:


«Պատրաստում ենք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը: