Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումից ՀՀ-ին չեն սպառնա այնպիսի կատաստրոֆիկ հետևանքներ, ինչպես 100 տարի առաջ.թուրքագետ (տեսանյութ)

20:19 • 01.03.17

Իրավացի են այն դիտարկումները, որ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ ամենակարևոր բաղադրիչը եղել է ֆինանսատնտեսականը, առևտրայինը, բանակցություններում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր այդ բաղադրիչը դոմինանտ է․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էրդողանի՝ Ռուսաստան այցի օրակարգին՝ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նկատեց, որ հիմա Սիրիական հիմնախնդրի պարագայում Թուրքիան և Սիրիան ձգտում են հայտնվել միևնույն ճամբարում և իրականացնել որոշակի քայլեր. «Այս քայլերի համատեքստում ռուս-թուրքական որոշակի ռազմական պայմանավորվածություններ կան, որոնք Թուրքիան խախտում է: Մասնավորապես կասկածից վեր է, որ թուրքական զորքերի մուտքը Սիրիա, և այնտեղ իբրև թե հակաահաբեկչական պայքար ծավալելը ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք է, բայց այդ պայմանավորվածությունը իր մեջ անպայման ունի թուրքական տարածքային նկրտումներ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նկատելով, որ այդպես Թուրքիան շարժում է Ռուսաստանի դաշնակից Սիրիայի իշխանությունների զայրույթը:

Թուրքագետը նշեց, որ Ռուսաստանում սպասվող Էրդողանի և Պուտինի հանդիպումը վերաբերելու է նաև վերոնշյալ գործընթացներին, կոնկրետ պայմանավորվածությունները հարգելուն:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լավացման համատեքստում Հայաստանին առնչվողին՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ պատմության դառը փորձը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը եղել է ի հաշիվ հայկական տարբեր պահանջների, նպատակների ու շահերի:

«Բայց իրավիճակը հիմա բոլորովին այլ է, քան 100 տարի առաջ: Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը: Պարզ է, որ հնարավոր է, որ Ռուսաստանը առաջնային համարելով իր շահը, ստորադասի Հայաստանի հետաքրքրությունները: Բայց սա տեսականորեն, իսկ երբ որ գանք գործնական դաշտ, չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումից Հայաստանին սպառնա այնպիսի կատաստրոֆիկ հետևանքներ, ինչպիսին եղել է 100 տարի առաջ»,- ասաց նա:

Այս պարագայում միակ հարցը, ըստ նրա, որը մտահոգում է մեզ, ղարաբաղյան հիմնախնդիրն է: Նա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էլ, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է ԼՂ հիմնախնդրի լուծման պարագայում, համարեց տեսական:

«Այն ռազմամթերքը, որ գտնվում է Հայաստանում և համալրվում է, խոսում է այն մասին, որ հայ-ռուսական շահերն առավել շատ համընկնում են, քան հակասում»,- ասաց նա:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: