Մոսկվայում դեռահասը 1,5 մլն ռուբլի արժողությամբ զարդեր է տվել անծանոթին` հավկիթով իր ընտանիքի «թուղթ ու գիրը» հանելու համար (տեսանյութ)
Մոսկվայում 17-ամյա աղջիկը 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ զարդեր է տվել անծանոթ կնոջը` հավկիթի միջոցով իր ընտանիքից «թուղթ ու գիրը» հանելու համար:
«Փողոցում մի կին խնդրեց բացատրել` ինչպես հասնել մետրոյի կայարան: Ես ցույց տվեցի ճանապարհը, ինչից հետո նա որոշեց նույնպես օգնել ինձ: Կինը ներկայացավ որպես Ելենա և ասաց, որ իմ ընտանիքի վրա ահավոր «թուղթ ու գիր» կա, որն անհրաժեշտ է անմիջապես հանել», - պատմել է աղջիկը Life-ին:
Կինը մետաղադրամ է տվել աղջկան և ասել, որ այն կսպիտակի նրա ձեռքերում. մի քանի վայրկյան անց այն իրոք սպիտակել է: Դրանից հետո անծանոթը նրան խնդրել է տնից բերել բոլոր զարդերն ու փողը, բայց չասել դրա մասին ծնողներին: Նա նաև ասել է, որ պետք է հավկիթով ծիսակարգ անել, որպեսզի ընտանիքն ազատվի «թուղթ ու գրից»:
Այնուհետև աղջիկը կնոջ հետ աղոթք անելով մի քանի անգամ անցել է տան շուրջ: Երբ ամեն ինչ ավարտվել է, կինը վերցրել է զարդերն ու հավկիթը և ասելով որ դրանք պետք է սրբագործել, անհետացել է:
«Կինը պատասխանել է իմ հաղորդագրությանը և ասել, որ ինքը զարդերն ու հավկիթը տարել է եկեղեցի՝ ծիսակարգ անելու համար: Սակայն այդ հաղորդագրությունից հետո նա անհետացել է և չի կապվում ինձ հետ», - ասել է աղջիկը:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են ենթադրյալ խաբեբաներին: Նախնական տվյալների համաձայն` այսպիսի խաբեբայություններով զբաղվում են խմբեր, որոնք զոհեր են գտնում դյուրահավատ դեռահասների շրջանում և պատմում նրանց «թուղթ ու գրի» մասին:










