«Մարտի» 1-ի 9-րդ տարելիցի կապակցությամբ երթն ավարտվեց (տեսանյութ)

18:33 • 01.03.17

19.29

Երևանի Ազատության հրապարակում  ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերի՝ «Հայ ազգային կոնգրես» և Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաքից հետո մեկնարկեց երթը դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան:

«Բացահայտել մարտի մեկը» մեծ պաստառով ու այլ կարգախոսներով երթի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին և մոմեր վառեցին ի հիշատակ «Մարտի 1»-ի տասը զոհերի:

Մյասնիկյանի արձանի մոտ երթն ավարտվեց:








19.05 

Մարտի 1-ն անպատժելիության հետևանք էր. Ստեփան Դեմիրճյան


2008թ. «Մարտի 1»-ի իրադարձությունների 9-րդ տարելիցին կապակցությամբ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նա նշեց, որ 2008թ. մարտի 1-ին մարդիկ դուրս էին եկել փողոց և բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների, խախտումների դեմ:

«Այդ ցույցերը, հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սակայն իշխանությունները դիմեցին բռնության:

«Մարտի 1-ն անպատժելիության հետևանք էր: Նման իրադարձություններ չէին լինի, եթե ժամանակին պատժվեին 2004 թվականի ապրիլի 12-ի բռնությունների համար պատասխանատուները, նախորդ ընտրություններում կեղծիքներ և բռնություններ իրականացրած անձինք»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել մայրաքաղաքի կենտրոնում իրականացված սպանությունների համար: «Առ այսօր զոհվածների հարազատները չեն ստացել փոխհատուցում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք հետամուտ են լինելու «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտմանը։ 




18.47
 

Մարտի 1-ը պետք է բացահայտվի, դա մարտահրավեր է. Արամ Մանուկյան


Ազատության հրապարակում ի հիշատակ  Մարտի 1-ի զոհերի կազմակերպված հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Վերջինիս առաջարկով հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը:

Այնուհետև, Արամ Մանուկյանն  իր ելույթում ասաց, որ իրենք շարունակելու են պայքարը մինչև բացահայտվի «Մարտի 1-ը»։

«Առնվազն տասը քաղաքացիներ զոհ են գնացել ազատության պայքարում, ժողովրդավարության համար պայքարում։ Այդ քաղաքացիներն են՝ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը և Տիգրան Աբգարյանը»,– զոհերի անունները թվարկեց նա:

Արամ Մանուկյանն ասաց, որ անցել է 9 տարի և իրենք Ազատության հրապարակում հավաքվելու են այնքան,  քանի դեռ չի բացահայտել այդ ոճրագործությունը և իշխանությունները ոչինչ չեն արել դրանց բացահայտման համար.«Մենք շարունակելու ենք պայքարը մինչև բացահայտում և այն բացահայտվելու է, դա մարտահրավեր է, որը հայ ժողովուրդը պիտի լուծի»:






Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» և Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ հավաքը  Մարտի 1-ի 9-րդ տարելիցի կապակցությամբ:

Քիչ անց Ազատության հրապարակից կմեկնարկի ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած երթը, որը կավարտվի Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ էլ 9-ը տարի առաջ տեղի էին ունեցել «Մարտի 1-ի» իրադարձությունները։

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի Ազատության հրապարակից մեկնարկող երթին, սակայն բացառված չէ, որ նա երթի մասնակիցների միանա Մյասնիկյանի արձանի մոտ:

Երթը նախաձեռնած կուսակցությունները հայտարարել են, որ նախաձեռնությունն իրականացվում է միայն Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար և քարոզչություն բացառապես չի լինելու:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին -2-ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 10 մարդ սպանվեց։