Սոմալիում արտակարգ դրություն է հայտարարվել երաշտի և սովի պատճառով
Սոմալիի նախագահ Մուհամեդ Ֆարմաջոն երաշտի և սննդամթերքի պակասի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրում: Հայտնի է, որ այս աֆրիկյան երկրում սովից տառապում է 6,2 միլիոն մարդ:
Deutsche Welle-ի հաղորդմամբ` Սոմալիի կառավարությունը երկրի ծանր վիճակի համար մեղադրում է «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստներին, որի հետ ռազմական հակամարտությունն արգելափակում է հումանիտար կազմակերպությունների մուտքը երկրի մի շարք շրջաններ և որը հանգեցրել է բերքի զգալի ծավալների կորստի:
Հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ խմելու ջրի պակասը կարող է հանգեցնել խոլերայի տարածմանը:
«Մենք չենք կարող և չպետք է սպասենք», - ասել է Ֆարմաջոն` դիմելով միջազգային հանրությանը և Սոմալիի սփյուռքին հումանիտար աղետից խուսափելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Նշվում է, որ 2011-2012 թվականներին Սոմալիում սովամահ է եղել մոտ 250 հազար մարդ:










