Թրամփն իր նոր հրամանագրով թույլ կտա Իրաքի քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ. Reuters

09:24 • 01.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստել է նոր միգրացիոն հրամանագիր, որը կփոխարինի ավելի վաղ ներկայացված ու առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի (Իրան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան, Եմեն) քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրին:


Ինչպես հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով, ըստ նոր հրամանագրի՝ արգելված երկրների ցանկից կհանվի Իրաքը, որի քաղաքացիները կկարողանան անարգել Միացյալ Նահանգներ գնալ:


Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփն իր որոշումը փոխել է Պենտագոնի և Պետդեպարտամենտի կողմից գործադրված ճնշումների պատճառով: Հայտնի է, որ այս գերատեսչությունները ստիպել են Սպիտակ տանը վերանայել Իրաքի մասով որոշումը, քանի որ այդ երկիրն ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:


Ենթադրվում է, որ Թրամփը նոր հրամանագիրը կստորագրի այսօր: Մինչդեռ հունվարի 27-ին ստորագրված հրամանագիրն արգելափակվել է ամերիկյան որոշ դատարանների կողմից: