Դոնալդ և Մելանյա Թրամփերը հայտարարել են իրենց հեղինակավոր հյուրերի ցանկը

02:27 • 01.03.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա գեղեցկուհի տիկինը՝ Մելանյան, արդեն հայտարարել են իրենց հեղինակավոր հյուրերի ցանկը, ովքեր նստած են լինելու առաջին տիկնոջ կողքին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին նախագահի ուղերձի ժամանակ, հայտնում է VOA News-ը։


Երկու պատվավոր հյուրերն են ոստիկանական գործակալ Մայքլ Դևիսի և շերիֆի օգնական Դենի Օլիվերի այրիները՝ Ջեսիկա Դևիսն ու Սյուզան Օլիվերը։ Կալիֆոռնիացի երկու ոստիկանները 2014-ին իրենց ծառայողական պարտքը կատարելիս սպանվել են ապօրինի ներգաղթյալի կողմից։ Նրանց անունները հիմք են հանդիսացել Դևիս-Օլիվեր կոչվող օրինագծի, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը ներգաղթային օրենքների բարելավման նպատակով։


Հրավիրվածներից ցանկում է նաև Ջեմիել Շոն, ում որդին ևս ապօրինի միգրանտի զոհ էր դարձել: Շոյի որդին իր դպրոցի ֆուտբոլի թիմի աստղն էր, սակայն 2008-ին նրան սպանել էր փախստականը, որը հանցավոր խմբավորումներից մեկի անդամ էր։


Հաջորդ հյուրը Դենիս Մերիուեզերն է, ով ունենալով վատ առաջադիմություն, ստիպված էր մի դպրոցից մյուսը տեղափոխվել։ Սակայն նա մասնակցել է Florida Tax Credit Scholarship Program ծրագրին ու ստացել կրթաթոշակ, որի շնորհիվ ընդունվել է հատուկ մասնավոր դպրոց՝ դառնալով առաջինն իր ընտանիքում, որ բարձրագույն կրթություն է ստացել։


Կոնգրեսի նիստին հրավիրված է նաև Մորին Մքքարթնի Սքալիան՝ հանգուցյալ գերագույն դատավոր Էնթոնի Սքալիայի այրին՝ ինը երեխաների մայր։


Հյուրերի շարքում է նաև Մեգան Քրոուլին, ում մոտ վաղ տարիքում ախտորոշվել էր երկրորդ տեսակի գլիկոգենոզ։ Բժիշկների համաձայն՝ Մեգանն ընդամենը մի քանի տարվա կյանք պետք է ունենար, սակայն դստերը փրկելու համար Մեգանի հայրը հիմնել էր Novazyme Pharmaceuticals ընկերությունը։ Այն սկզբում հինգ աշխատակից ուներ, իսկ այսօր արդեն հարյուրից ավել։ Ինչ վերաբերում է Մեգանին, նա 20 տարեկան ուսանողուհի է այժմ: