Թրամփն ԱՄՆ դաշնակիցներից ռազմական գործողություններին մասնակցություն է ակնկալում
ԱՄՆ-ն դաշնակիցներից ակնկալում է ռազմավարական և ռազմական գործողություններին մասնակցություն և այդ գործողությունների համար «ազնիվ վճարում»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Reuters-ը:
«Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները՝ լինի ՆԱՏՕ-ում, Մերձավոր Արևելքում, թե Խաղաղ օվկիանոսում, անմիջական և նշանակալի դեր կունենան ռազմավարական և ռազմական գործողություններին և կվճարեն ծախսերի իրենց արդար մասնաբաժինը»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսին ուղղված ուղերձով:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսում, որտեղ անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի:
Թրամփը խոստացել է հարկային դաշտում «պատմական» բարեփոխում իրականացնել, նվազեցնել կորպորատիվ հարկի չափն ու դրանով ամերիկյան ընկերություններն աշխարհում ավելի մրցունակ դարձնել: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է հարկերը զգալի թեթևացնել միջին խավի համար:










