Սաուդյան Արաբիայում կգործի քամու ուժով աշխատող առաջին գեներատորը

23:57 • 02.03.17

Սաուդյան Saudi Aramco նավթային ընկերությունը 2.75 ՄՎտ հզորությամբ նախագծի իրականացման համար քամու ուժով աշխատող արտադրության արտոնագիր է ստացել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի էլեկտրաէներգիայի հարցերով զբաղվող վարչությունը:

Ինչպես նշվում է, սա թագավորության տարածքում տրամադրվող առաջին նմանօրինակ արտոնագիրն է:

Aramco ընկերությունը General Electric-ի հետ համատեղ նախագիծ է իրականացնում թագավորության հյուսիսային շրջանում: 2.75 ՄՎտ հզորությունը բավարար կլինի մեկ տարվա ընթացքում 250 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, որը հավասարազոր է նույն ժամանակահատվածում 19 000 բարել նավթ այրելուն:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ թագավորությունը մտադիր է մինչև 2030 թվականը 9500 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրել վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմամբ:

Saudi Aramco-ն աշխարհում խոշորագույն նավթ արտահանող ընկերությունն է, որը ղեկավարվում է թագավորության կողմից:

 

 

Սաուդյան Արաբիայում կգործի քամու ուժով աշխատող առաջին գեներատորը