Աղվան Հովսեփյանը ԱՆ նախագիծը համարեց հակասահմանադրական. անհամաձայնություն Կառավարությունում

12:35 • 02.03.17

Կառավարության նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, նախքան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելը, ասաց, որ այդ նախագիծը հակասահմանադրական է:

Աղվան Հովսեփյանն առաջարկեց օրակարգից հանել հարցը. «Ներկայացված է նախագիծ «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, մեզ վերաբերվող մաս կա, սակայն մեզ չի ուղարկվել նախագիծը: Հայաստանում չորս նախաքննական մարմին կա, ոչ մեկին չի ուղարկվել, ինչը վերաբերում է նաև մեր աշխատանքի կարգավորմանը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փորձեց պարզաբանում մտցնել: Նա ասաց, որ նախագիծը թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել նախաքննական մարմիններին, սակայն կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները:

Աղվան Հովսեփյանն առարկեց՝ ասելով, որ Քննչական կոմիտեն ոչինչ չի ստացել:

Վարչապետը Աղվան Հովսեփյանին հարցրեց, թե քանի օր է անհրաժեշտ նախագծի քննարկման համար:

«Մենք պատրաստ ենք քննարկման և երկու օրը բավարար է, պարզապես բովանդակային առումով նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը և կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշումներով, որոնք արդեն իսկ կարգավորված են, և դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց Աղվան Հովսեփյանը:

Նախագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնք վերաբերում են հետևյալին. «Մասնավորապես առաջարկում ենք, որպեսզի գլխավոր դատախազությունը, ինչն այսօր էլ արվում է, մինչև ապրիլի 1-ը հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, վերլուծություններ և եզրահանգումներ: Կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ տեղեկությունները վիճակագրական տվյալները, եզրահանգումները, վերլուծությունները պետք է ներկայացվեն առանձին»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով ՝ խնդրահարույց կետն այն է, որ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմիներն ըստ քննչական ենթակայության յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, որոնք մեթոդաբանական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:

«Այսպիսի տվյալներ այսօր էլ ներկայացվում են, և մենք հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ սահմանենք Կառավարության որոշմամբ կամ պրակտիկայով»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատրաստ են քննարկման:

Աղվան Հովսեփյանն ասաց, ր արդեն կա Կառավարության որոշում, որը կարգավորում է այս հարցը. «Յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, կիսամյակ և տարի քննչական մարմինները դատախազություն են ներկայացնում նախաքննության բոլոր տվյալները: Դատախազությունը միշտ էլ ամփոփել է այս տվյալները: Այսինքն՝ դրանք օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա: Բացի այդ, մեթոդական ուղեցույց հասկացություն իրավական ակտերի մասին օրենքում գոյություն չունի: Դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու»:

Հարցը լսվեց Կառավարության նիստին, և երեք օր ժամանակ տրվեց նախագիծը քննարկելու համար: