Անգլիայի ինքնակոչ թագավորն Ելիզաբեթ Երկրորդին «թույլ է տվել» մնալ գահին

20:02 • 02.03.17

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակիչ Ալան Էվանսը գովազդի համար մեծ տեղ է գնել The Times թերթում և հայտարարել, որ ինքն Անգլիայի իրական թագավորն է: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` գովազդի համար նախատեսված հատվածում տղամարդը տեղադրել է իր տոհմի հետազոտության սեփական վերլուծությունը: էվանսը պնդում է, որ ինքը Կուենդա ապ Էդերնի` վիջնադարյան Ուելսի կելտական թագավորություններից մեկի հիմնադրի ժառանգն է:

Հայտարարության միջոցով տղամարդը որոշել է «պաշտոնապես տեղեկացնել» իր հեռու բարեկամներին, որ 30 օրվա ընթացքում պլանավորում է յուրացնել ժառանգաբար իրեն պատկանող կալվածքներն ու այլ «ընտանեկան ակտիվները», թագավորական կոչումը և «Ուելսի թագը»:

Դրանից բացի, Էվանսը պնդում է, որ ինքը պետք է պաշտոնապես հաստատվի որպես թագավորական ընտանիքի անդամ:

Ամերիկացին ավելացրել է, որ որպես հարգանքի նշան ինքը չի պատրաստվում գահընկեց անել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդին: Սակայն նրա «գթությունը» չի տարածվում արքայազն Չարլզի վրա, որին նա սպառնում է գահընկեց անել առաջին հնարավորության դեպքում: