Գիտնականները պարզել են, թե որ կենդանին է ամենից քիչ քնում
Պարզվել Է, որ փղերն ամենաքիչ քնող կենդանիներն են Երկրի երեսին: Միջին հաշվով այդ հսկաները քնում են օրական երկու ժամ, ըստ որում դրանց ուղեղը չի վնասվում և չի տուժում քնատության ազդեցությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականները գրում են PLOS One հանդեսում հրապարակված հոդվածում:
«Անազատության մեջ փղերը քնում են 4-6 ժամ, սակայն մենք դրանց քնին հետևել ենք բնական պայմաններում:
Պարզվել Է, որ վայրի փղերը քնում են օրական ընդամենը երկու ժամ, ինչը ռեկորդային փոքր ցուցանիշ է կաթնասունների համար: Դա, հավանաբար, կապված է դրանց մարմնի մեծ չափերի հետ: Բացի այդ, ինչպես երևում Է, փղերը երազներ են տեսնում սոսկ 3-4 օրը մեկ»,- հայտարարել է Փոլ Մանգերը Յոհաննեսբուրգի (ՀԱՀ) Վիտվատերսրանդի համալսարանից:
Ի լրումն, Մանգերը և նրա գործընկերներն ապացուցել են, որ փղերը կարող են քնել ինչպես կանգնած, այնպես էլ իջնելով գետնին, ինչի շուրջ գիտականները նախկինում երկար վիճում Էին՝ հենվելով կենդանաբանական այգիներում փղերի դիտարկումների վրա:
Փղերը քնում էին ժամանակի խիստ որոշակի շրջանում՝ լուսադեմի ժամերին, արևածագից շատ վաղ: Ինչպես կարծում Է Մանգերը, դա կապված է ոչ թե ցերեկվա և գիշերվա ցիկլերի, այլ օդի խոնավության ու ջերմաստիճանի և այլ բնական բնութագրերի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










