Եվրախորհրդարանը կոչ է արել չեղարկել ազատ վիզային ռեժիմը ԱՄՆ-ի քաղաքացիների համար

23:20 • 02.03.17

Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, քանի որ Վաշինգտոնը չի չեղարկել վիզային ռեժիմը Եվրամիության 5 երկրի բնակիչների համար: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է այսօր ընդունված բանաձևի մեջ:

«Եվրահանձնաժողովն օրենքի համաձայն պարտավոր է միջոցներ ձեռնարկել և կրկին ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանել ԱՄՆ քաղաքացիների համար` հաշվի առնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես իրավունք չի տալիս ԵՄ հինգ երկրի քաղաքացիներին ճանապարհորդել առանց մուտքի արտոնագրի», - ասվում է փաստաթղթում:

Եվրապատգամավորները հիշեցրել են, որ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի քաղաքացիները մինչ օրս չեն կարողանում ԱՄՆ մեկնել առանց մուտքի արտոնագիր ստանալու:

Եվրահանձնաժողովի ընդունած բանաձևում կոչ է արվում միջոցներ ձեռնարկել երկու ամսվա ընթացքում: