Կարո Փայլանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

16:28 • 02.03.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքարկել Անկարայի հանրապետական դատախազության վճիռը: Այս մասին հայտնում է «Ակօսը»:

«Երանի հենց Թուրքիայի դատարանն այս հարցի լուծումը տար։ Իմ հանդեպ կայացրած որոշումը հարված էր հենց երկրի ժողովրդավարությանը։ Քանի որ մեր դատարանն այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ», - ասել է Փայլանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ թուրքական դատարանը մերժել է Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը:

Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ այսպիսով խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:


Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:

Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել էին նիստի արձանագրություններից: