Թեթև վիճաբանություն է եղել. դանակահարված ԲՀԿ-ականի կին (տեսանյութ)
Երեկ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանի առողջական վիճակը բավարար է, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը։
«Հիվանդը երեկ է տեղափոխվել մեզ մոտ՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, վիրահատությունից հետո հիվանդն իրեն լավ է զգում, առավոտյան տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք բավարար»,-մանրամասնեց նա։
Միքայել Մանուկյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել հետվիրահատական հնարավոր բարդությունների մասին, բայց խորը համոզում ունեն, որ բարդություններ չեն լինելու։
Աբրահամ Ադամյանին տեսանկարահանել հիվանդանոցում թույլ չտվեցին, նա քնաբերի ազդեցության տակ էր։
Tert.am-ի հետ զրուցում երիտասարդ ԲՀԿ-ականի կինը՝ Գայանե Գրիգորյանը, նշեց, որ հարազատները մանրամասների չեն տիրապետում չեն կարող հստակ ասել՝ վեճը քաղաքակա՞ն պատճառով է եղել, սադրողները հանրապետականնե՞րն են, կամ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարազատները։
«Հիմնական պատճառ չի եղել, ուղղակի թեթև վիճաբանություն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոնկրետ չենք կարող ասել՝ ինչ պատճառով, ամուսինս պիտի պատմի, իրեն դեռ լավ չի զգում, չի կարողանում ասել»,-շեշտեց նա։
Գայանե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ դանակով հարվածողի հետ բարեկամական կապ ամուսինը չի ունեցել, ոչ էլ մտերիմ է եղել։
«Ուղղակի որպես գյուղացի ճանաչում է, ոչ մի հարաբերություններ չի ունեցել, միայն բարև -բարի լույս»,-ընդգծեց նա։
Գայանե Գրիգորյանը նաև պատմեց, որ դանակով ամուսնուն հարվածողների հարազատները կապ են հաստատել իրենց հետ։ Թե կոնկրետ ինչ են ասել կամ հորդորել՝ Գայանե Գրիգորյանը չմանրամասնեց։
Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցների հետ զրուցում պնդել է, որ դանակահարողը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզից առաջադրված Մուրադ Մուրադյանի կողմնակիցներն են։ Ինքը՝ Մուրադ Մուրադյանը, հերքել էր։
Հիշեցնենք, որ այս միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ Մասիսում 24-ամյա տղային դանակահարել է համագյուղացին, միջկուսակցական հակամարտություն չի եղել։










