37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանությունը պարտակելու համար. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 37-ամյա կնոջը՝ տուժողներին դեպքի վայրում վտանգի մեջ թողնելու, հանցագործությունը պարտակելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:
Դեպքի վայրի զննությամբ՝ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ վերջիններիս մահը հետևանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գ. Խաչանյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվալ առ այն, որ 2016թ. հունիսի 17-ին Գ. Խաչանյանն ընկերուհու՝ Ա. Ենոքյանի հետ հյուրընկալվել է Սարգիս և Սիրիկ Հակոբյաններին, միասին հաց են կերել և գործածել ոգելից խմիչք: Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Ս. Հակոբյանի և Գ. Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ. Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016թ. հունիսի 24-ին Գ. Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ Հակոբյանների սպանությունը պարտակելու և նրանց վտանգի մեջ թողնելու համար 2017թ. փետրվարի 25-ին Ա. Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:










