Մալայզիան Կիմ Չեն Նամի սպանությունից հետո կչեղարկի ԿԺԴՀ-ի համար առանց վիզայի ռեժիմը
Մալայզիան կչեղարկի առանց վիզայի ռեժիմը ԿԺԴՀ քաղաքացիների համար: Ինչպես հայտարարել է փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին, ռեժիմի խստացումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ մարտի 6-ին, գրում է Reuters գործակալությունը:
Այսուհետ հյուսիսկորեացիներին անհրաժեշտ կլինի ստանալ մուտքի վիզա: Մուտքի կարգի փոփոխությունները բացատրել են ազգային անվտանգության շահերով:
Որոշումը կայացվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում թունավոր նյութի միջոցով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությունից երկու շաբաթ անց: Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պնդում են, որ նրան սպանել են հյուսիսկորեական ռեժիմի գործակալները:










