Մարսի վրա ուժեղ ջրհեղեղի հետքեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

18:37 • 02.03.17

Եվրոպական տիեզերական գործակալությունը (European Space Agency) լուսանկարներ է հրապարակել, որոնցում ուժեղ ջրհեղեղի հետքեր են երևում Մարս մոլորակի մակերևույթի վրա: Ջրհեղեղը մոտ 3 հազար կիլոմետր երկարությամբ և մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրանցք է թողել Մարսի վրա:

Գործակալության կայքում ասվում է, որ գիտնականները հայտնագործությունն արել են «Մարս էքսպրես» զոնդի միջոցով արված Վուսթեր խառնարանի լուսանկարներն ուսումնասիրելու ժամանակ: Տվյալ խառնարանը գտնվում է Քրիստոսի հարթավայրի մոտակայքում: Գիտնականներն այս հարթավայրը համարում են մարսիական օվկիանոսի հատակ, որը գոյություն է ունեցել Կարմիր մոլորակի վրա մոտ 4 միլիարդ տարի առաջ:

Մոլորակագետները ենթադրել են, որ հարթավայրը շրջապատող բազմաթիվ ջրանցքներն ու կիրճերը կարող են լինել մարսիական գետերի հուներ: Սակայն, ուսումնասիրելով Mars Odyssey զոնդի միջոցով արված լուսանկարները, մասնագետները փոխել են իրենց տեսակետը` ենթադրելով, որ դա կարող են ցունամիի հետքեր լինել: Այս մասին վկայում է վերևից կղզու տեսք ունեցող Վուսթեր խառնարանի ձևը, որի սահմանները ձևավորվել են ջրի հոսքով: Ընդ որում, այդ ջուրը հոսել է բլրով վեր, ինչը երևում է խառնարանի եզրերից:

Նշվում է, որ խառնարանի ձևավորմանը նպաստել են սառույցի հսկայական պաշարները, որոնք գտնվել են Քրիստոսի հարթավայրի մակերևույթի տակ և Մարսի այլ մասերում: Գիտնականների խոսքով` սառույցը հալել է մոտ 3,5 միլիոն տարի առաջ հրաբուխների ժայթքման արդյունքում:

 

 

 

Մարսի վրա ուժեղ ջրհեղեղի հետքեր են հայտնաբերվել (լուսանկարներ)