Մեծ Բրիտանիայում 15000 դոլարով վաճառվել է 90 տարի առաջ աճեցված բորբոսը
Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ վաճառվել է հանրահայտ բորբոսի նմուշը, որը 90 տարի առաջ աճեցրել էր Ալեքսանդր Ֆլեմինգը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, յուրօրինակ նմուշը վաճառվել է 11 875 ֆունտ ստերլինգով (շուրջ 15 000 դոլար):
Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնի բրիտանացի մանրէաբան է եղել, որը բացահայտել և սնկի բորբոսից ստացել է առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը:
Հաղորդվում է, որ բորբոսի վաճառված նմուշը ստորագրված է եղել որպես «բորբոս, որից առաջին անգամ ստացվել է պենիցիլինը»: Սակայն աղբյուրը վստահաբար չի նշում, թե արդյոք դա հենց առաջին բորբոսն է եղել, քանի որ Ֆլեմինգը տասնյակ նման բորբոսներ ուներ աճեցրած:










