ԱԺ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով

12:15 • 02.03.17

Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը այսօր չմեկնարկեց, քանի որ քվորում չապահովվեց:

Գրանցվել էր 34 պատգամավոր և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ գրանցումը շարունակվում է 3 ժամ, մինչև քվորում ապահովվի:

Հակառակ դեպքում նիստը կհայտարարվի չկայացած:

Նշենք, որ Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պաստգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում քվորում ապահովելու համար պետք է ներկա լինի առնվազն 66 պատգամավոր:

ԱԺ այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ պետք է շարունակի ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի և Լեռնիկ Ալեքսանյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթի քննարկումը:

ԱԺ-ն կշարունակի քննարկել նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի ընդունման դեպքում կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները, օրենքի մի շարք հոդվածներ կհստակեցվեն և կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: