Կառավարության որոշումը խնդիրներ է առաջացրել արտահիվանդանոցային բուժում ստացող հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար (տեսանյութ)

14:45 • 02.03.17

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շահառուներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ «Զիպրեքսա» դեղով արտահիվանդանոցային բուժումը դադարեցնելու կառավարության որոշումը չեղարկելու պահանջով:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանի խոսքով՝ այժմ որակյալ «Զիպրեքսա» դեղի փոխարեն ստանալու են «ջեներիկ» տարբերակի դեղեր: Բացի այդ, Առողջապահության նախարարության ծրագրում ընդգրկված 300 շահառուներից այժմ դեղեր են ստանալու ընդամենը 100-ը:

«Տարիներ շարունակ մարդիկ որակյալ դեղ են օգտագործել և ինտեգրվել են հասարակությանը: Փետրվարի 21-ից արտահիվանդանոցային բուժումը Զիպրեքսա դեղով դադարեցվել է կառավարության կողմից: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ որակյալ դեղը փոխարինվում է ջեներիկով: Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր երկար տարիներ առողջ էին, իրենց լավ են զգում, հիմա նրանց նորից հրում են դեպի անդունդ»,- ասաց Թուխիկյանը:

«Զիպրեքսա» դեղ ընդունող զավակի հայրը նշեց է, որ 2005 թ. մինչ օրս տարբեր ծրագրերով պարբերաբար ստացել են այդ դեղը։

«Հիմա խնդիրը շատ լուրջ է, քանի որ այս դեղը մարդկանց իսկապես փրկում էր: Ես չեմ հասկանում՝ անորակ դեղ եք տալու ինչ-որ գումարներ տնտեսելու համա՞ր, դա արդեն չի տեղավորվում մարդկանց ուղեղի մեջ»,- հայտնեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։