4 տեղից ծակել է, ի՞նչ թեթև վիճաբանություն. Սայաթ-Նովայի գյուղապետը Մասիսում դանակահարության մասին

17:52 • 02.03.17

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը զարմացած է երեկ դանակահարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանի կնոջ այն հայտարարությունից, որ ընդամենը թեթև վիճաբանություն է եղել:

«Աղիքը 4 տեղից ծակ ա, ինչ թեթև վիճաբանություն: Բժիշկը «տոշնի» կասի՝ թեթև ա, թե չէ»,-զարմացավ գյուղապետը:  

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանի կինը Tert.am-ի հետ զրուցում հայտնել էր, որ «ուղղակի թեթև վիճաբանություն է եղել», որն ավարտվել է դանակահարությամբ։

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցների հետ զրուցում պնդել է, որ դանակահարողը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզից առաջադրված Մուրադ Մուրադյանի կողմնակիցներն են։ Ինչը ինքը՝ Մուրադ Մուրադյանը, հերքել էր։

Հարցին, թե ըստ Քննչական կոմիտեի՝ սկզբում տուժողը կասկածյալին բռունցքով խփել է, ինչից հետո կասկածյալը դանակով է հարվածել, գյուղապետը պատասխանեց՝ հարցնելով. «Եթե մի հոգի կարա հելնի 7-8 հոգու բռունցքներով խփի… Առյուծ կա՞թ էր խմել էդ խեղճը տղեն»։

Ապա նա ավելացրեց. «Կարողա իրան խփել են, ինքն էլ ա խփել»:

Գյուղապետը չունի մեկնաբանություն այն մասին, որ Մուրադ Մուրադյանը հերքում է, թե իրենց շտաբն առնչություն ունի միջադեպի հետ: Նա ասաց, որ չի կարդացել, թե ինչ է ասել Մուրադ Մուրադյանը:

Սայաթ-Նովայի գյուղապետը հույս ունի, որ ընտրությունների օրը ավելի վատ բաներ չեն լինի:

«Չեմ կասկածում՝ երկրի Նախագահը միամիտ չի երևի, կուժեղացնի, կասի՝ խելոք գնացեք, նորմալ ընտրություն արեք»,-ասաց Ռազմիկ Ալավերդյանը:

Մուրադ Մուրադյանն այսօր արդեն հեռախոսազանգերի չէր պատասխանում: