Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները Սիրիայի հյուսիսում հարձակվել են քրդերի գյուղերի վրա. Reuters

09:45 • 02.03.17

Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ շրջանում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման գրոհայինները հարձակում են գործել քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների ենթակայության տակ գտնվող գյուղերի վրա:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝  քրդական կողմը հայտնել է, որ առայժմ կարողանում են դիմագրավել թուրքական գործոնի ներկայությանն իրենց տարածքներում, սակայն անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն ավելի ինտենսիվ պաշտպանություն: 

Թուրքական «Անադոլու» գործակալությունն, իր հերթին, գրել է, թե Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումն արդեն գրավել է քրդական ջոկատների ենթակայության տակ գտնվող գյուղերը:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։