ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, բայց նաև չի վախենում մարտահրավեր նետել նրան. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի վախենում մարտահրավեր նետել Ռուսաստանին, «եթե որևէ սխալ բան տեսնի»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ մեկնաբանելով Թրամփի առաջին ելույթը Կոնգրեսի երկու պալատների նիստի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Անդրադառնալով, թե արդյոք Ռուսաստանը պետք է համարել Թրամփի վարչակազմի դաշնակիցը, թե թշնամին, Հեյլին նշել է՝ ոչ մեկը, ոչ մյուսը։
«Բնականաբար, եթե ստացվի, որ Ռուսաստանը մեզ հետ աշխատի, շատ ավելի լավ կլինի։ Բայց այժմ մենք հիասթափված ենք Մոսկվայի գործողություններից»,- ասել է Հեյլին, նշելով, որ Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա։
«Մենք քննադատել ենք ՌԴ-ին Ղրիմում և Ուկրաինայում դրա գործողությունների համար։ Մենք չենք տատանվի մարտահրավեր նետել, եթե տեսնենք, որ ինչ-որ բան այն չէ»։










