Ինչպես և որտեղից են սկսելու քաղաքական ուժերը քարոզարշավը և ինչ են նախատեսում իրականացնել ողջ ընտրարշավի ընթացքում
Մարտի 5-ին խորհրդարանական առաջիկա ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն է: Tert.am-ի հետ զրույցում ընտրություններին մասնակից թվով 9 կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներից ասացին, որ քարոզարշավն իրականացնելու են առաջին իսկ օրվանից, հանրապետության ողջ տարածքով:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքից Արեգնազ Մանուկյանն ասաց, որ մարտի 5-ին՝ քարոզարշավի առաջին օրը, որը նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, իրենք այցելելու են Եռաբլուր, ապա Հաղթանակի զբոսայգի՝ հարգելու նրա հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին դահլիճային հանդիպում են անցկացնելու ընտրողների հետ, որի ժամանակ ներկայացնելու են դաշինքի ծրագիրը: Մարտի 6-ից մարզային այցելություններն են մեկնարկելու: Առաջին մարզը, որտեղ այցելելու է դաշինքային եռյակը, ըստ Մանուկյանի, Տավուշն է: Արեգնազ Մանուկյանը նաև ասաց, որ երեք ուժերի առաջին դեմքերը մասնակցելու են թե՛ երևանյան, թե՛ մարզային հանդիպումներին, որոնք տեղի կունենան բակային, դահլիճային ձևաչափերով:
«ԵԼՔ» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենք քարոզարշավը կիրականացնեն ամբողջ հանրապետությունով մեկ: Նա նշեց, որ իրենց քարոզարշավը կմեկնարկի ավտոերթերով՝ Վանաձորից Սպիտակ և Արարատից Եռաբլուր: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր կայցելեն նաև դաշինքի Երևանի կառույցի ներկայացուցիչները:
Իշխող «Հանրապետական կուսակցությունը» քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադաշտից: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ քարոզարշավն անցկացվելու է ողջ հանրապետությունով մեկ՝ Երևանի վարչական շրջաններում, մարզերում. դրանք լինելու են դահլիճներում, բակային հանդիպումների տեսքով, հանդիպումներ՝ փողոցներում:
«Ծառուկյան» դաշինքը ևս քարոզարշավը կսկսի Տավուշի մարզից: Ինչպես ասաց, դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, քարոզարշավի առանցքը լինելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց նրան զուգահեռ ևս 10 քարոզչական խմբեր կլինեն կոնկրետ մարզի մեջ և փոքր համայնքներում, որից հետո տվյալ մարզի մեծ քաղաքներում կլինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ:
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն էլ նշել էր, որ մարտի 5-ին նախատեսում են հանդիպում, 6-ին էլ՝ կուսակցության ծրագիրն են ներկայացնելու, քննարկում են անցկացնելու:
ՀՅԴ-ն ևս մարտի 5-ին ներկայացնելու է նախընտրական ծրագիրը, դրա դրույթները, դահլիճային ու բակային հանդիպումներ է անցկացնելու հաջորդ օրերին:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էլ դեռ որևէ հստակ պլան չունի՝ ինչպես է անցկացնելու քարոզչությունը: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այս պահին ձևավորում են նախընտրական շտաբներ ողջ հանրապետությունով մեկ, ինչի արդյունքում շուրջ 60 շտաբ են ձևավորել: Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առաջինն են, ովքեր այսօր նախընտրական ծրագիրն են հրապարակել, որը միակն է «լուծումների ու շարունակականության» ապահովման տեսանկյունից:
«Հայկական վերածնունդ»-ը քարոզարշավը կսկսի մարտի 6-ից. կներկայացվի նախընտրական ծրագիրը: Էդգար Առաքելյանի խոսքով՝ հանդիպումներ են նախատեսվում Երևանում, Հանրապետության մարզերում, բնակչության հետ հանդիպումներին մասնակցելու է նաև ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Ազատ դեմոկրատներ»-ն էլ քարոզարշավը կսկսի դահլիճային հանդիպմամբ՝ նախընտրական ծրագիրը կներկայացնեն երևանյան հյուրանոցներից մեկում:










