Ֆրանսիական Կալեի քաղաքապետն արգելել է սնունդ բաժանել ներգաղթյալներին
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի քաղաքապետն արգելել է սնունդ բաժանել ներգաղթյալներին՝ այդպիսով փորձելով կանխել նոր փախստականային ճամբարի ստեղծումը քաղաքում, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ Նատաշա Բուշարը ստորագրել է արգելքի մասին որոշումը հինգշաբթի երկրի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուի քաղաք այցից հետո:
Չնայած 2016 թվականի նոյեմբերին ներգաղթյալների ճամբարի վերացմանը՝ Կալեում, միևնույն է, շարունակում են մնալ մի քանի հարյուր ներգաղթյալներ, որոնք սնունդ են ստանում օգնության տեղական կազմակերպություններից:
Ինչպես նշվում է՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պաշտպանել է քաղաքապետի այդ նախաձեռնությունը:
Քաղաքապետի հրամանագրում նշվում է, որ նախկին ճամբարի տարածքում «ներգաղթյալներին սնունդ բաժանող անձանց պարբերական և մեծ ներկայությունը վտանգ է ներկայացնում տարածքի խաղաղությանն ու անվտանգությանը»: Հրամանագրով արգելվում են տարածքում «պարբերական, երկարաձգված հավաքները»՝ փաստացիորեն արգելելով սննդի բաժանումը:










