Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները լքեցին դահլիճը.նիստն ընդմիջվեց
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին, դատարանը որոշում էր կայացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների տեսանկարահանումը թույլատրել միայն տասը րոպե, իսկ ողջ դատական նիստի ընթացքում թույլատրել ձայնագրումը: Նախորդ դատական նիստին, սակայն դատավարության կողմերը, կողմ էին արտահայտվել, որպեսզի դատական նիստը նկարահանվի, միայն դատախազներն էին այն թողել դատարանի հայեցողությանը:
Այսօր դատական նիստի մեկնարկից տասը րոպե անց լրագրող Գագիկ Շանշյանը շարունակում էր տեսանկարահանում իրականացնել: Դատավորը հորդորեց դադարեցնել նկարահանումը միայն շարունակել ձայնագրել:
Լրագրողի հարցին,թե ինչո՞ւ է դատավորը նման որոշում կայացրել, երբ հանրային հնչեղություն ունեցող գործ է, և դատական նիստի մեկնարկին չէ, որ տեղի են ունենում հետաքրքիր իրադարձությունները, Աննա Դանիբեկյանն ասաց, որ լուսանկարահանող և նկարահանող սարքերի ձայնն իրեն խանգարում է: «Ձայնը կանջատեմ»,-ասաց լրագրողը:
Տեսանկարահանման սահմանափակման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան Միհրան Պողոսյանը, ով ասաց, որ հնարավոր է դատարանը վերանայի իր որոշումը և այլ՝ ձայնի հետ կապված սահմանափակումներ մտցնի,սակայն լրագրողները կարողանան աշխատել։ Պաշտպանական կողմը կողմ արտահայտվեց տեսանկարահանման մասին որոշման վերանայմանը։
Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանին, ով նախորդ դատական նիստին կողմ էր նկարահանմանն ու ավելին,լրագրողներին խնդրել էր նկարահանել ամբողջովին,այսօր ասաց,որ թողնում է դատարանի հայեցողությանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չհասցրեց ավարտել խոսքը։ Ամբաստանյալների հարազատներն անմիջապես լքեցին նիստերի դահլիճը, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։
Դատավորը հեռացավ նիստերի դահլիճից և հայտարարեց ընդմիջում։
Հիշեցնենք,որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:










