Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի համար 318 թեկնածու է առաջադրվել

03:34 • 03.03.17

 

2017 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար, որի մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի սկզբին, 318 թեկնածու է առաջադրվել: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Նորվեգական Նոբելյան ինստիտուտը:

 

Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը ստանալու համար, որը կրում է շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի անունը, առաջադրվել են 215 ֆիզիկական անձ և 103 կազմակերպություններ:


Մրցանակակրի ընտրությունը կտևի յոթ ամիս: Նորվեգական Նոբելյան հանձնաժողովն այս ընթացքում մի քանի անգամ կհավաքվի Օսլոյում: Ավանդույթի համաձայն թեկնածուների ցանկը չի հրապարակվում, սակայն ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են այս կամ այն մարդու տվյալները:


Ուշագրավ է, որ ըստ ԶԼՄ-ների տեղեկության, ի թիվս տարբեր փիլիսոփաների, դասախոսների ու բժիշկների, այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրված են նաև Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: