Սպիտակ տան անվտանգության աշխատակիցն ազատազրկվել է՝ դեռահասի հետ ինտիմ բնույթի նամակագրություն վարելու համար

12:30 • 03.03.17

ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի` Սպիտակ տան անվտանգության աշխատակից, ԱՄՆ Գաղտնի ծառայության սպա Լի Ռոբերտ Մուրը մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ ինտիմ բնույթի նամակագրություն վարելու համար և դատապարտվել 10 տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում է ARS Technica-ն` հղում անելով դատարանի տվյալներին:

Հետաքննությունը պարզել է, որ 2015 թվականին ծանոթությունների համար նախատեսված կայքերից մեկում Մուրը ծանոթացել է 14 տարեկան աղջիկ ներկայացած օգտատիրոջ հետ և սկսել շփվել նրա հետ:

Նշվում է, որ դրանից բացի՝ Մուրը շփվել է այլ դեռահասների հետ: Տղամարդը խոստովանել է, որ ինքն իր անպարկեշտ լուսանկարներն ուղարկել է անչափահաս աղջիկներից մեկին և համոզել նրան անել նույնը: