ԱՄՆ գլխավոր դատախազը պատմել է՝ ինչի մասին է զրուցել ռուս դեսպանի հետ

09:17 • 03.03.17

Միացյալ Նահանգների նորանշանակ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, անդրադառնալով իր՝ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման շուրջ բարձրացած աղմուկին, պատմել է, թե որն է եղել իրենց զրույցի թեման:


Այս մասին պաշտոնյան ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:


Սեշնսը մանրամասնել է, որ իրենք նախապես զրուցել են հեռախոսով ու պայմանավորվել հանդիպման մասին, որին ներկա են եղել իր գրասենյակի աշխատակիցները:


«Մենք մի քիչ զրուցել ենք ահաբեկչության խնդրի մասին, իսկ հետո քննարկել ենք Ուկրաինայի թեման. Ուկրաինայի դեսպանը նախօրեին ինձ մոտ էր եկել: Նա (Կիսլյակը-Tert.am) հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի սխալ բան չի արել»,-պատմել է Սեշնսը:


Բացի այդ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետական թեկնածուի աջակիցների և ռուս պաշտոնյաների գաղտնի հանդիպումների վերաբերյալ որևէ հետաքննության: