Օշականի բնակչին պատկանող հոտից սատկել է 150 գառ և 70 ոչխար

11:48 • 03.03.17

Օշականի բնակիչ Նորայր Խալոյանին պատկանող հոտից վերջին մի քանի օրերին սատկել է 150 գառ ու 70 ոչխար: Այս մասին Tert.am-ին հայտնեց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:

«150 գառ, մի 70 հատ ոչխար: Թե ինչն ա պատճառը, հանելուկ է, անասնաբույժն ասաց՝ չեն կարողանում այս հարցին պատասխանել, որովհետև Նորայրը բոլոր բուժումները արել է (վակցինացիա)» ,-ասաց գյուղապետը:

Ըստ նրա՝ սկզբում սատկել է 5 ոչխար, հաջորդ օրը դեպքերն ավելացել են, ու արդեն համաճարակի բնույթ ունի:

Անասունների հոտը գնվել է վարկով, և Նորայր Խալոյանը վարչապետ Կարեն Կարապետյանից ու Գյուղատնտեսության նախարարությունից խնդրում է միջնորդել, որպեսզի բանկերից վերցված վարկը 1,5-2 տարով սառեցվի: