Իսպանիայում 1 րոպեում 120 այցելու փախել է ռեստորանից` առանց հաշիվը փակելու

16:59 • 03.03.17

Իսպանիայի ռեստորաններից մեկից մեկ րոպեում փախել է 120 այցելու` առանց հաշիվը փակելու: Նրանք հաստատությանը պարտք են մնացել 2 հազար եվրո:

BBC News-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում: Ծագումով ռումինացի հյուրերը ռեստորանում նշել են երեխայի մկրտությունը: Ճաշկերույթից առաջ նրանք 900 եվրո կանխավճար են մուծել: Միջոցառման հյուրերը հասցրել են համտեսել նախուտեստները, հիմնական ուտեստը և ըմպել 30 շիշ զանազան ալկոհոլային խմիչք:

Աղբյուրի հաղորդմամբ` հյուրերը ռեստորանից փախել են աղանդերի մատուցումից առաջ:


«Ամեն ինչ տեղի է ունեցել մեկ րոպեի ընթացքում», - ասել է ռեստորանի տերը:

Նա ոստիկանությանը պատմել է ամեն ինչ, ինչ իմացել է այդ հաճախորդների մասին: Իրավապահ մարմինները դեռևս չեն կարողացել գտնել նրանցից ոչ մեկին:

Ռեստորանի տերը չի հավատում, որ իրեն հասցված վնասը կփոխհատուցվի: Գործարարի խոսքով` ռեստորանային արդյունաբերությունում 35 տարի աշխատելու ընթացքում ինքն առաջին անգամ է բախվում նման միջադեպի։