Թրամփն ԱՄՆ գլխավոր դատախազի հասցեին քննադատությունը «վհուկների որս» է անվանել

13:38 • 03.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների որս» է անվանել երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդեպ դեմոկրատների ունեցած հարցերն ու պահանջները։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփի կարծիքով` հենց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են մեղավոր այն բանի համար, որ սկանդալ են բարձրացրել Սեշնսի և Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի կապերի շուրջ: Սակայն նախագահն ընդգծել է, որ Սեշնսը կարող էր ավելի հստակ արտահայտվել:

«Ջեֆ Սեշնսն ազնիվ մարդ է: Նա ոչ մի սխալ բան չի ասել: Նա կարող էր ավելի հստակ ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն դա ակնհայտորեն կանխամտածված չի եղել», - նշել է Թրամփը:

«Դեմոկրատները չարաշահում են իրենց դիրքը: Սա իսկական վհուկների որս է», - հավելել է նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, քննիչները ստուգել են ռուս պաշտոնյաների հետ ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Սեշնսի կապերը: Ավելի ուշ Սեշնսը խոստովանել է, որ հանդիպել է Կիսլյակի հետ՝ չնայած, որ նախկինում հերքում էր այդ տեղեկությունը: