Ուկրաինայում կոռուպցիայի գործով ձերբակալվել է Պետական ֆիսկալային ծառայության ադրբեջանցի ղեկավարը (լուսանկարներ)

10:10 • 03.03.17

Ուկրաինայում հինգշաբթի երեկոյան ձերբակալվել է Պետական ֆիսկալային ծառայության ադրբեջանցի ղեկավար Ռոման Նասիրովը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի գործով: Ինչպես հայտնել է «112 Украина»-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի աշխատակցին, նա հոսպիտալացվել է սրտի կաթվածով:


Ուկրաինական ռադայի պատգամավորի դեմ ավելի վաղ հարուցվել էր քրեական գործ՝ «առանձնապես խոշոր չափերի պետական սեփականության յուրացման» հոդվածով:


Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության ղեկավարը կասկածվում է գործողությունների համար, որոնք պետությանը 2 միլիարդ գրիվնայի վնաս են հասցրել:


Քննության տեղեկության համաձայն՝ Նասիրովն անհիմն որոշումներ է կայացրել օգտակար հանածոների արդյունահանման համար վարձակալության վճարի հետաձգման մասին: Դա օգնել է պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյին կյանքի կոչել կոռուպցիոն մեխանիզմներ:


Ձերբակալությունը տեղի է ունեցել Կիևում գտնվող հիվանդանոցներից մեկում, երբ Նասիրովն անգիտակից վիճակում է եղել: Այժմ նա գտնվում է հսկողության տակ՝ վերակենդանացման բաժանմունքում: