Անձնական հարաբերություններ են ճշտել, ընտրությունների հետ կապ չունի. Ալիկ Սարգսյանը Արտաշատում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

13:51 • 04.03.17

Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպը ընտրությունների հետ կապված չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի կողմնակիցների միջև ՀՀԿ գրասենյակի հարևանությամբ ծեծկռտուք է եղել:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը Երևանում է, գնում է դեպի Արտաշատ, բայց հեռախոսով իրեն տեղեկացրել են, որ կատարվածը «կուսակցության հետ կապ չունի, ընտրական գործընթացի հետ կապ չունի, պարզապես երկու հոգի իրար հետ անձնական հարաբերություններ են ճշտել, որը պարզապես տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի մոտ»:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ միջադեպի մանրամասները չգիտի, առայժմ տիրապետում է այսքան ինֆորմացիայի:


Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ Արտաշատի կենտրոնական հրապարակի մոտակայքում վիճաբանություն եղել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է միջանձնային, կենցաղային հարցերի շուրջ։

Կա բերման ենթարկված, հանգամանքները պարզվում են։