Գերմանական լրատվամիջոցները պահանջում են թույլ չտալ Էրդողանի մուտքը երկիր

12:38 • 04.03.17

Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է մնալ թուրքական և եվրոպական առաջատար լրատվամիջոցների հիմնական թեման: 

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Գերմանական պարբերականներից շատերը կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանություններին, իսկ որոշներն անգամ պահանջել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զրկել շենգենյան վիզայից:

Մասնավորապես՝ գերմանական Tagesspiegel պարբերականը նշել է, որ Թուրքիայում մարդկանց իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտումներից ելնելով՝ Գերմանիան չպետք է այլևս մուտքի վիզա տրամադրի այդ երկրի նախագահին:

Հիշեցնենք, որ Գերմանիայում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանդիպումն ու ելույթը, ինչը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից:

«Այն պարագայում, երբ Թուրքիայում գերմանական պարբերականի թղթակիցը չափից դուրս կասկածելի մեղադրանքների հիման վրա կալանավորվում է անհայտ ժամկետներով, Թուրքիայի արդարադատության նախարարի՝ Գերմանիայում ազատորեն քարոզչություն իրականացնելը տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- գրել է Zeitung պարբերականը:

Բեռլինյան Passauer Neue Presse պարբերականն էլ, իր հերթին, գոհունակություն է հայտնել, որ Գերմանիան վերջապես համարձակություն գտավ նույն կոշտությամբ պատասխանելու Թուրքիայի հակաժողովրդավարական քայլերին: 

«Շատ լավ է, որ Բոզդաղը չի կարողանա Գերմանիայում իրականացնել Էրդողանի բռնապետության քարոզչությունը: Օրեր շարունակ սպասվող այս համարձակ քայլը վերջապես տեղի ունեցավ: Ի վերջո, բռնապետական ռեժիմի համար Գերմանիայի քաղաքացիներից ձայն խնդրելը պարունակում է Գերմանիայի սահմանադրությանը հակասող մի շարք կետեր»,- գրել է պարբերականը:

Նշենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է արել Անկարային խուսափել հարաբերություններում բաց առճակատումից՝ երկու երկրների շահերից ելնելով: