Եթե Փաստաբանների պալատը պայքարում է իր փաստաբանների դեմ, պետական մարմիններն էլ կոտնահարեն մեր իրավունքները. Լուսինե Սահակյան (տեսանյութ)
Վերջերս փաստաբանների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում են խուզարկության, իսկ երբ հրաժարվում են խուզարկությունից, արգելվում է նրանց տեսակցել իրենց պաշտպանյալներին: Այս հարցի առնչությամբ հանդիպել էին նաև արդարադատության նախարարն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Փաստաբաններին խուզարկելու, ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանման, փաստաբանների անելիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:
-Տիկին Սահակյան, փաստաբանները վերջերս աղմուկ են բարձրացնում քրեական հիմնարկներում խուզարկության ենթարկվելու համար: Ի՞նչ է սա, և ինչո՞ւ է արվում, ըստ ձեզ:
-Սա խոսում է այն մասին, որ հետևողականորեն արդեն սկսել են փաստաբանների իրավունքները խախտել: Սա ընդամենը մեկ դեպք չէ, որ կարծենք, թե ՔԿՀ ինչ-որ աշխատակից սխալ է թույլ տվել օրինակ՝ օրենքի չիմացության պատճառով: Ակնհայտ է, որ գիտեն օրենսդրական կարգավորումների մասին, գիտեն, որ իրավունք չունեն, բայց խուզարկում են: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ առումով փաստաբանները որոշակի թուլություն են ցուցաբերում, այսինքն՝ իրենց իրավունքները միասնականորեն չեն կարողանում պաշտպանել: Սա խոսում է այն մասին, որ պալատն է թուլացել և չի կարողանում պաշտպանել իր փաստաբաններին: Միանշանակ պետք է ասեմ, որ մենք պայքարելու ենք, որ այդ երևույթը դադարի, որովհետև եթե փաստաբանը չի կարողանում իր իրավունքնի համար պայքարել, ապա նա չի կարող պաշտպանել այլ անձանց իրավունքները։ Բացի դա, սա քայլ է, որով փորձում են հասկանալ, թե կկարողանան արդյոք
կոտրել փաստաբաններին, թե ոչ; Եվ եթե այս քայլերը չկանխվեն, ապա հետևողականորեն շարունակվելու են այլ ոլորտներում փաստաբանների իրավունքների ոտնահարումները:
-Ասացիք, որ պալատն է թուլացել: Պալատի նախագահը հանդիպում էր ունեցել արդարադատության նախարարի հետ այս թեմայով: Այս հանդիպման տեքստը և որոշումը հրապարակվեց: Ինչո՞վ այն բավարարեց կամ չբավարարե՞ց ձեզ, ինչո՞վ օգնեց այդ հանդիպումը փաստաբաններին:
-Ճիշտն ասաց շատ խանգարեց, որովհետև նմանատիպ հայտարարության տարածումը արդեն իսկ խոսեց այն մասին, որ նախևառաջ քննարկումը չէր եղել այն մակարադակով, որով պետք է կատարվի և եթե Փաստաբանների պալատի նախագահն ընդունելի է համարում նման տեքստը, որտեղ օրինակ՝ սահմանվում է, որ փաստաբանն իրավունք մեկուսարան մտցնել որոշակի պայմանների համապատասխանող համակարգիչ, բայց այդ հարցը շատ վաղուց լուծված հարց է եղել և փաստաբանները խնդիր չեն ունեցել որևէ համակարգիչ տանել մեկուսարան: Սա հետընթաց էր, երկրորդը, երբ խոսք էր գնում նրա մասին, թե ՔԿՀ-ում իրավունք ունեն զննել փաստաթղթերը՝ բովանդակությանը չծանոթանալով: Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում նման տրամաբանություն, որ հնարավոր լինի ինչ-որ մի փաստաթուղթ զննել բովանդակությանը չծանոթանալով: Խոսք էր գնում նաև այն մասին, որ փաստաբանին իրավունք ունեն զննելու, սակայն ոչ խուզարկելու: Սակայն դրա հետ մեկտեղ գրառումներ տեսա այն փաստաբանների կողմից, ովքեր ի պաշտոնե պետք է փաստաբանների իրավունքները պաշտպանեն: Նրանք գրում են՝ գնացի, պայուսակս բացեցի, զննեցին և ինձ անարգել թույլ տվեցին մուտք գործել: Ես դա անթույլատրելի եմ համարում, ես թույլ չեմ տա, որ իմ պայուսակը բացեն ու զննեն, դրա համար կան համապատասխան փաստաթղթեր: Միայն այն, որ ես պայուսակս բացում եմ, դա արդեն զննություն է:
Մենք միասնական ուժերով պետք է պայքարենք այս ամենի դեմ, ընդ որում մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, ես հետևողական եմ լինելու նաև, որպեսզի այս հարցը դատական ատյաններով անցնի, և եթե լուծում չստանա, ինքս դիմելու եմ եվրոպական դատարան: Պատահական չէ, որ այս ամենը հիմա է լինում, որովհետև երբ տեսնում են, որ պալատը` որպես կառույց, փոխարենը պաշտպանի իր փաստաբանների, հակառակը՝ ամեն կերպ պայքարում է իր փաստաբանների դեմ, հասկանալի է, որ պետական մարմիններն էլ կոտնահարեն փաստաբանների իրավունքները, որովհետև նրանց ձեռնտու չէ ուժեղ փաստաբանական կառույցի գոյությունը և օգտվելով առիթից ձեռնարկում են որոշակի գործողություններ, ինչը դեռ շարունակվելու է:
-Կարո՞ղ է փաստաբանի կոնկրետ խուզարկումը պայմանավորված լինել իր պաշտպանյալով, որովհետև նախապես հայտարարություն տարածեցին այն փաստաբանները, ովքեր հանրային հնչեղություն ունեցած գործերով մեղադրյալների պաշտպաններն են:
-Օրենքը հստակ արգելում է փաստաբանի խուզարկությունը, անկախ նրանից, թե ինքն ինչ գործերով է մասնակցում: Եթե նույնիսկ նրանք իմանան, որ վտանգավոր անձի հետ պետք է հանդիպի փաստաբանը, եթե նույնիսկ կասկածներ ունենան, որ ինչ-որ արգելված իրեր ունի, միևնույն է, փաստաբանին խուզարկելու իրավունք չունեն: Դրա համար գոյություն ունեն համապատասխան սարքեր: Սակայն նրանց նպատակը ոչ թե այն է, որ արգելված իրեր մուտք չգործեն, այլ իրական նպատակն այն է, որ իրականացնեն փաստաբանի խուզարկություն:
-Երկու պատասխանատու կառույցների ղեկավարները հանդիպեցին,ասացիք, որ իրենց հանդիպման արդյունքը ձեզ չի բավարարել։ Ի՞նչ է մնում անել փաստաբաններին, և փաստաբանին խուզարկելով որքանո՞վ է խախտվում պաշտպանյալի իրավունքները, որովհետև այն փաստաբանները, ովքեր հրաժարվում են խուզարկվելուց, չեն կարող տեսակցել իրենց պաշտպաններին:
-Միանշանակ ոտնահարվում են մեր պաշտպանյալների իրավունքները, որովհետև առանձնատեսակցությունը տեղի չի ունենում: Բացի այդ, կախված նրանից, որ փաստաբանը կաշկանդվում են և կաշկանդվում է իր հետ կարևոր փաստաթղթեր իր հետ մեկուսարան մտցնելու: Թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, միանշանակ, իրավական բոլոր ուղիները պետք է օգտագործենք, որ այս ամենը դադարի, այլապես, փաստաբանները պետք է դիմեն գործադուլի, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ, և այդ դեպքում միայն խուզարկության վտանգը չէ, որ սպառնում է փաստաբաններին ու փաստաբանների համայնքը պետական մարմինների կողմից լուրջ չի ընկալվի:
Առավել մանրամասն տեսանյութում:










