Պայթյունից տուժած 3 զինծառայողներից մեկը թեթև վնասվածքներ ունի, մեկը՝ միջին ծանրության, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Էրիկ Սամվելի Սահակյանը գտնվում է Վանաձորում և նրա վնասվածքներ թեթև են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մյուս զինծառայող՝ Պերճ Արմենի Գաբրիելյանի առողջական վիճակը միջին ծանրության է և գտնվում է հիվանդասենյակում:
Նշենք, որ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից էլ հայտնել էին, որ պայթյունից տուժած Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:










