Օձի խելք պետք չէ՝ հասկանալու, որ ջունգլիական մեթոդներով ընտրական արդյունքներ գրանցելն իշխող քաղաքական ուժի շահերից չի բխում.պատգամավոր (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադառնում է այն ուղերձներին, որոնք առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ միջազգային հանրությունը հղում է քաղաքական ուժերին և առաջին հերթին՝ իշխող քաղաքական ուժին:
-Պարոն Ֆարմանյան, քաղաքագետներից Կարեն Բեքարյանը, որ Ձեր կուսակիցն է օրերս հայտարարեց, որ ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման համար շատ կարևոր է ապրիլի 2-ին նորմալ ընտրությունների անցկացումը՝ չբացառելով, որ դա վտանգվի: Մինչդեռ, նախանշանները լավը չեն, քանի որ հանրապետական մամուլն արդեն գրում է, որ եթե առաջ իրար ծեծում էին, ապա հիմա դանակահարում են:
-Առանձնացնենք 2 բան իրարից: Առաջին. որակյալ, արդար, թափանցիկ և հնարավորինս ժողովրդավարական նորմերին համապատասխան ընտրությունների անցկացումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և Հայաստանի զարգացման հեռանկարից: Սա ինքնին հարկավոր է մեր ժողովրդին: Որպեսզի Հայաստանում քաղաքական կյանքը կայունանա, որպեսզի հնարավոր լինի քաղաքական զարգացումներից ակնկալել հասարակությանը հուզող խնդիրների լուծում:
Երկրորդ. Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն էլ իր հերթին 2 բաղադրիչ ունի: Առաջին. որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն և կարևոր ուղղություններից մեկը, այն ինքնին կարևոր է մեր երկրի համար՝ արտաքին քաղաքականության բազմավեկտորության տեսանկյունից, բայց նաև բոլորս գիտենք, որ ԵՄ և եվրոպական այլ կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի համար, ինչպես ասում են, մեկ ինքաթիռի երկու թևերն են՝ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների հետ միասին: Այսինքն՝ նրանք քայլում են կողք կողքի: Հետևաբար, իսկապես, հնարավորինս որակյալ ընտրությունների անցկացումը շատ կարևոր ոչ թե նախապայման է,այլ կձևակերպեի՝ բաղադրիչ, ԵՄ հետ մեր համագործակցության հեռանկարների համար: Խոշոր հաշվով, և՛ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, և՛ մեր ներքին բարեփոխումներն ուղղված են 1 խնդրի լուծման. ինչպես հաղթահարել մեր երկրում կուտակված խնդիրները, ապահովել կայուն զարգացում:
-ԱՄՆ դեսպանը . որ քարոզարշավին ընդառաջ այցելությունների շարք է սկսել այցելեց ՀՀԿ,ԱԴ, և Tert.am –ին տված հարցազրույցում քաղաքական ուժերին կոչ էր արել զերծ մնալ ընտրողների ձայները գնելուց:
-Նախ, պետք է գոհունակություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, մեր մյուս գործընկեր երկրների իշխանություններին ու ժողովուրդներին՝ հայաստանյան ժողովրդավարության զարգացման հարցում մինչ օրս ցուցաբերած աջակցության և սկզբունքային դիրքորոշումների համար: Վստահ եմ՝ հայաստանյան ժողովրդավարությունը չէր լինի այն բարձրության վրա, եթե չլիներ այդ աջակցությունը: Այսքանով հանդերձ, ոչ թե ԱՄՆ դեսպանը կամ որևէ այլ երկրի հարգարժան դեսպան պետք է հայտարարի, որ ընտրությունների որակյալ անցկացումը կարևոր է հասարակության կողմից ընտրությունների ընթացքի ու ելքի հանդեպ վստահության տեսանկյունից, որպեսզի մենք դա հասկանանք: Սա ինքնին աքսիոմատիկ ճշմարտություն է: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցում նախորդիվ հնչեցրած գնահատականներին, ապա նման բոլոր դրսևորումները դատապարտելի են՝ անկախ նրանից՝ որ քաղաքական ուժի, որ առանձին թեկնածուի կողմից և ինչ նպատակով են արվել: Որովհետև, վստահեցնում եմ, որևէ կերպ իշխող կուսակցության շահերից չի բխում որևէ ընտրատարածքում ու տեղամասում որևէ թեկնածուի կողմից թույլ տրված նման ավելորդությունները:
Եթե, իհարկե, այդ մասին հրապարակումները համապատասխանում են իրականությանը, որովհետև, ցավոք, գիտենք նաև մեր թերությունները ավելի լավ, քան որևէ մեկը, որ երբեմն այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:
Բայց կրկնում եմ, եթե որևէ մեկի մոտ կարող տպավորություն ստեղծել, որ իշխանությունը կարող է շահագրգռված լինել նման ջունգլիական մեթոդներով ընտրական հաջող արդյունքներ գրանցելու հարցում, ինչպես ասում են՝ օձի խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ դա առաջին հերթին իշխող քաղաքական ուժի շահերից չի բխում: Եվ երկրորդ, ցավոք, մեր ընտրական մշակույթն այնպիսին է, նաև քաղաքական կուսակցությունների էլիտայի և այստեղ խոսքը միայն իշխող կուսակցությանը չի վերաբերում, որ քաղաքական մրցակցությունը շատ մարդիկ դիտարկում են որպես իրենց անձնական արժանապատվության, շատ դեպքերում նաև՝ համայնքային ընկալման տեսանկյունից: Այսինքն՝ այս ամենը և՛ քաղաքական-մշակութային, և ՛ ազգագրական բացատրություն ունի: Բայց այս երևույթները մեր կյանքում պետք է դատապարտվեն, չպետք է տեղ ունենան և, եթե կան օրինախախտումներ, ապա դրանց բոլոր նախաձեռնողն ու իրականացնողները պետք է պատժի ենթարկվեն:
-Սակայն կուսակցության քաղաքական ընդդիմախոսները նշում են, որ հենց ՀՀԿ-ն, լինելով այս ընտրական օրենսգրքի հեղինակ, պատասխանատու է հենց նրա համար, որ ռեյտինգային թեկնածուների միջև նման բախումներ են լինում: Ավելին՝ առաջարկ եղավ, որ ովքեր հեղինակել են այս ԸՕ-ն, գնան և առաջադրվեն ռեյտինգայինով՝ իրենց մաշկի վրա զգալու համար, թե ինչ է նշանակում իրար փոր թափել:
-Կամրջաշինության օրինակով, այո՛: Հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց կրկին 2 բաղադրիչ միմյանցից առանձնացնենք: Նախ. Ընտրական օրենսգիրքը բոլորիդ ներկայությամբ ընդունվել է քաղաքական ուժերի միջև ձեռք բերված քաղաքական կոմպրոմիսի արդյունքում: Եվ, ի դեպ, սա ասելով չեմ ուզում ակնարկել, որ Ընտրական օրենսգիրքը վատն է և այդ վատ ԸՕ-ի ընդունման պատասխանատվությունն ընկնում է նաև ընդդիմության վրա: Հակառակը, ես հավատացնում եմ, որ մեր երկրում քաղաքական համակարգի հեղափոխություն է տեղի ունեցել և երկիրն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի և քաղաքական դերակատարություն ունեցող ոչ բոլոր մարդիկ, այդ թվում՝ թեկնածուներ, հավանաբար, մինչև վերջ չեն գիտակցում այդ խորքային փոփոխության ողջ ընդգրկումն ու նշանակությունը: Ինչ վերաբերում է տարածքային ցուցակներով վարկանիշային քվեարկությանը, առիթ ունեցել եմ ասելու ու հիմա կրկնում եմ, որ պնդել, որ դա լավագույն լուծումն է ոչ ոք չի կարող: Բայց պնդել, որ , այ, եթե վարկանիշային քվեարկությունը տարածքային չլինի, և Հայաստանը որպես մեկ ընտրատարածք դիտարկելով համամասնական ընտրակարգով միայն ընտրություններ անցկացվեն, նման բացասական երևույթներ չեն լինի, ըստ իս՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ դրա լավագույն ապացույցը մեր ընտրական ցիկլերի պատմությունն է: Մեր երկրի պետական շահն այն է, որ պետք է ամեն կերպ ձգտենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ հասարակության գոնե մեծամասնության ընկալման տեսանկյունից դրանք վիճարկելի չլինեն: Ցավոք, մենք չենք հասել ժողովրդավարության և քաղաքական մշակույթի այնպիսի նշաձողի, որում քաղաքական ընդդիմությունը պատրաստ կլինի ընդունել ընտրությունների արդյունքները: Ես սա չեմ ուզում, որ իմ խոսքերն ընկալվի որպես քննադատություն մեր ընդդիմախոսների քաղաքական վարքագծի վերաբերյալ, բայց դա իրականություն է: Դուք չեք կարող ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժից հարցազրույց վերցնել, ով վստահ չի լինի իր և իր քաղաքական ուժի հաղթանակի մեջ: Իսկ հաղթանակ ասելով՝ շատերը նկատի ունեն ոչ թե ԱԺ անցնելու անցողիկ շեմը, այլև բացարձակ մեծամասնություն ստանալը: Եվ սա շատ երկար պատմություն ունեցող քաղաքական հիվանդություն է: Եվ եթե օրվա իշխանությանը դուրս դնենք այս ցանկից և փորձեք պատկերացնեք, որ ընտրություններին միայն մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը, կտեսնեք, որ եթե բոլորը հավաքում են 50 տոկոս+1,ապա այդ դեպքում ինչ-որ մի բան չի ստացվում:
Ամփոփելով՝ ասեմ, որ մենք քաղաքական մշակույթի առումով ճեղքում-բեկում մտցնելու անհրաժեշտություն ունենք: Դա կարող է լինել 2 ճանապարհով. կամ իշխանությունը ընտրական ճանապարհով պարտվում է, զիջում է իշխանությունը, հաղթած քաղաքական ուժը վերցնում է իշխանությունը, և այդկերպ հասարակությունը ամբողջության մեջ սկսում է վստահություն տածել ընտրական արդյունքի նկատմամբ և երկրորդ ճանապարհը, որ քաղաքական ընդդիմախոսները ընտրություններում պարտվելով ընդունում են այդ արդյունքները: Այս 2 երևույթները զույգ եղբայրներ են: Եվ դրանցից մեկնումեկի բացակայությունը ամբողջական չի դարձնում կայուն, հասուն ժողովրդավարությունը:
-Քաղաքացի դիտորդի շրջանակներում տասնյակ հայտնիներ Սփյուռքից դիտարկելու են ապրիլի 2-ի ընտրությունները. և ժամանակից առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ խոսելու են ընտրական խախտումների, ահաբեկումների ու այլնի մասին: Սա արդյոք նոր անջրպետներ չի՞ առաջացնի:
-Իմ կարծիքն այն է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ միասնություն են, և ողջունելի է մեր սփյուռքահայ մեր բոլոր քույրերի ու եղբայրների մտահոգությունները, որոնք առնչվում են, խոշոր հաշվով, մեր երկրի ապագային, զարգացման տեսլականներին: Անշուշտ, մեր քույրերի ու եղբայրների մեջ կարող են լինել շատ սրտացավ մարդիկ, ովքեր հույժ տեղակացված են հայաստանյան իրականությանը, զարգացումներին, դրանց բնույթին, ծագումնաբանությանը: Չեմ բացառում, որ կարող են լինել մարդիկ, որոնք ոչ այնքան տեղեկացված են, բայց, այդուհանդերձ, նրանց նման հետքրքրվածությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բոլոր հայերի տունն է, և բոլորս պատասխանատվություն ունենք, որպեսզի ամեն ինչ այդ տանը լինի կարգին, ամեն ինչ լինի մաքուր և այսդ տունը լինի այնպիսին, որ բոլորիս մոտ հիացմունքի և արժանապատվության զգացում առաջացնի: Իսկ ինչ վերաբերում է օրինախախտումներին, ապա դա ոչ միայն մեր սփյուռքահայ քույրերի ու եղբայրների, ոչ միայն տեղական դիտորդների, մասնակից քաղաքական ուժերի, այլ նախ և առաջ քաղաքական իշխանության և պետական համապատասխան մարմինների պատասխանատվությունն է: Ես, իհարկե, փորձառու եմ այնքան, որ կարողանամ կանխատեսել, որ հազիվ թե մենք գալիք ընտրական ցիկլում, նկատի ունենալով, որ այն առաջինն է՝ նոր կառավարման մոդելի անցնելու համատեքստում, մենք կունենանք այնպիսի ընտրություններ, որոնց վերաբերյալ հասարակության 100 տոկոսը որևէ ասելիք, գնահատականներ և կամ վերապահումներ չունենա: Բայց ինձ համար շատ ավելի կարևոր է այն դինամիկան ու ընթացքը՝ դրական, որը մենք արձանագրելու շանս ունենք: Եվ ավելին ասեմ՝ մենք իրավունք չունենք հանրային ընկալման մեջ հարցականի տակ դնելու խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետության և համամասնական ընտրակարգի որևէ հարց:










