Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել Պուտինի հետ լուսանկարված Սենատում դեմոկրատների առաջնորդի նկատմամբ

09:38 • 04.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկերեսանի է անվանել Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերին՝ Twitter-ի իր էջում տեղադրելով Շումերի լուսանկարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ հետաքննություն սկսել Շումերի ու նրա՝ Պուտինի հետ ունեցած կապերի վերաբերյալ: 

«Իսկական երկերեսանի», - գրել է Թրամփը:

Հրապարակված լուսանկարում Շումերն ու Պուտինը կանգնած են իրար կողքի՝ ձեռքերում թղթե բաժակներ և փքաբլիթներ բռնած: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ և ինչ պայմաններում է նկարվել այդ լուսանկարն ու արդյոք այն իրական է:


Այս լուսանկարը մեկ այլ լուսանկարի հետ ավելի վաղ հրապարակել է Drudge Report լրատվական կայքը։ Կայքի տվյալների համաձայն՝ լուսանկարներն արվել են 2003 թվականին, երբ Պուտինն այցելել էր Նյու Յորք։  Շումերն այդ ժամանակ սենատոր էր, սակայն դեռ չէր զբաղեցնում խմբակցության ղեկավարի պաշտոնը։


Շումերը ցանկանում է, որ հետաքննություն անցկացվի Թրամփի և Ռուսաստանի ղեկավարության միջև կապերի առնչությամբ։