Թրամփը խորհուրդ է տվել երեխաներին քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն շատ փող աշխատել

10:58 • 04.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի կաթոլիկ դպրոցներից մեկն այցելության ժամանակ խորհուրդ է տվել դպրոցականներին շատ փող աշխատել, այլ ոչ թե զբաղվել քաղաքականությամբ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ Թրամփին ուղեկցող լրագրողները պատմել են, որ երբ սաներից մեկը մոտեցել է նախագահին ու հայտնել, որ երազում է ապագայում հիմնել իր սեփական ընկերությունը, Թրամփը պատասխանել է. «Այ սա հրաշալի գաղափար է: Եվ ավելի շատ գումար վաստակել, չէ՞»: Այնուհետև նախագահն ավելացրել է. «Միայն թե դրանից հետո քաղաքականությամբ չզբաղվես»:

Հրաժեշտից առաջ դպրոցականները Թրամփին նվիրել են Ֆլորիդայի «ծննդյան օրվան» նվիրված և իրենց իսկ ձեռքով պատրաստված բացիկ, այնուհետև լուսանկարվել նախագահի հետ: 

«Հապա եկեք, հիմա ձեզ հայտնի դարձնենք»,- ասել է Թրամփը՝ հրավիրելով երեխաներին լուսանկարվելու: 

Ի դեպ, այցի ժամանակ նրա կողքին են գտնվել նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը, ինչպես նաև Սենատում նահանգի ներկայացուցիչ Մարկո Ռուբիոն, որը նախագահական նախընտրական մրցապայքարում համարվում էր Թրամփի հիմնական մրցակիցներից մեկը: Երկու քաղաքական գործիչները ջանք չէին խնայում միմյանց քարկոծելու համար: