Նիգերիացի ծովահեններն ազատ են արձակել ռուս նավաստիներին
Կիրակի օրը՝ մարտի 5-ին հայտնի է դարձել BBC Caribbean բեռնատար նավի անձնակազմի բոլոր անդամների ազատ արձակման մասին: Նավի վրա հարձակումը ծովահեններն իրականացրել են փետրվարի սկզբին: Խոսքը յոթ ռուսների և Ուկրաինայի մեկ քաղաքացու մասին է, գրում է kp.ru-ն:
Ինչպես լրագրողներին հայտնել է Սևաստոպոլում մարդու իրավունքների հանձնակատար Պավել Բուցայը, այժմ նավաստիները գտնվում են Ֆրանկֆուրտի օդանավակայանում և շոտով կվերադառնան տուն:
Իրավապաշտպանի խոսքով՝ հափշտակված նավի սեփականատեր Briese Schiffahrts գերմանական ընկերությունը և ռուս դիվանագետները «լարված բանակցություններ են վարել ծովահենների հետ, որոնց ընթացքում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ ջանքերը արագ ազատարձակման համար»: «Համակարգված գործողությունների շնորհիվ անձնակազմի բոլոր անդամներն ազատ են արձակվել»,- ասել է Բուցայը:
Կայքը հիշեցնում է, որ Նիգերիայում ՌԴ դեսպանատունը փետրվարի 8-ին հայտնել է ծովահենների կողմից BBC Caribbean նավի անձնակազմի անդամներին առևանգելու մասին:










