Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից. ռուսերենի իմացությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործոնն է. Կիսելյով

17:50 • 06.03.17

Երբ նախորդ անգամ ես Հայաստանում էի, իսկապես եղավ մի միջադեպ, երբ տաքսու երիտասարդ վարորդը չէր կարողանում ռուսերեն խոսել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով աղմկահարույց հայտարարություններին, որոնք արվել էին նրա այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում պետք է վերանայվի:

Վերհիշելով տեղի ունեցածը՝ Կիսելյովն ասաց, որ ինքը զարմացել է, որ երիտասարդը ռուսերեն չգիտի ու խոստովանել այդ մասին, բայց Հայաստանում աղմուկ է բարձրացել նրանից, որ ինքը ասել է, թե ռուսերենը Հայաստանի անվտանգության ապահովման գործոններից է:

«Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան: Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում: Կարող եմ բանավիճել այս թեմայով ցանկացածի հետ»,-նշեց Կիսելյովը` հավելելով, որ ինքը երբեք չի հակադրել հայերենը ռուսերենին:

Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն էլ ասաց, որ եթե երիտասարդը չի խոսում ռուսերեն, դա իրենց մեղավորությունն է: «Ավելի լավ են խոսում, քան մենք հայերեն, ինչի համար շնորհակալություն նրանց: Նրանք պարտավոր չեն խոսել ռուսերեն: Ամեն ինչ լինում է: Մարդիկ կատարյալ չեն: Գուցե մեկ տաքսու վարորդը վատ տրամադրություն է ունեցել: Պետք չէ եղածը ընդհանրացնել ողջ հայ ժողովրդի համար»,- ասաց Սոլովյովը:

Ըստ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանում առաջին հերթին հայերեն պետք է խոսեն, որովհետև դա էթնիկական բնորոշում է: