Եթե ՌԴ փոխարեն Ադրբեջանին զենք վաճառի ԱՄՆ-ն, ի՞նչ է անելու Հայաստանը, խզելու է ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերություննե՞րը. Սոլովյով (տեսանյութ)

17:40 • 06.03.17

Եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, ապա այն կվաճառի ԱՄՆ-ն: Այս մասին ասաց ռուս հայտնի վերլուծաբան, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը` պատասխանելով Tert.am-ի հարցին`պաշտոնական Մոսկվան անհանգստացա՞ծ է արդյոք ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված հակառուսական տրամադրություններով, որոնք առնչվում են Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական քաղաքականությամբ:

«Եկեք ծայրահեղ մոտեցմամբ անդրադառնանք հարցին. ռուսներ, դուք վատն եք, Ադրբեջանին զենք եք վաճառում, իսկ Ռուսաստանն էլ, ենթադրենք, ասում է, թե այո, այսուհետ զենք չենք վաճառելու: Եվ ի՞նչ՝ Ադրբեջանը զենք կգնի ԱՄՆ-ից: Ի՞նչ է անելու Հայաստանը, փակելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանությո՞ւնը, խզելու է ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերություննե՞րը»,- ասաց Վլադիմիր Սոլովյովը՝ նշելով, որ կարելի է, իհարկե, ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին:

Հեռուստալրագրողը նշեց, որ աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում ազդեցության համար:

«Եթե Ադրբեջանին ԱՄՆ-ն զենք վաճառի, ի՞նչ կստացվի: Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան է գտնվում: Ի՞նչ կլիներ, եթե այն տեղակայված չլիներ Հայաստանում, պատկերացրեք: Լրիվ այլ գեոպոլիտիկ դասավորվածություն կունենայինք:

«Իսկ ռուսական զենքը հայտնվեց այնտեղ ե՞րբ: Այն Ադրբեջանում էր դեռ խորհրդային ժամանակներից»,- ասաց Սոլովյովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թե ի՞նչ զինատեսակներ են մատակարարվել Հայաստան վերջերս ՌԴ կողմից:

Հեռուստալրագրողը շեշտեց՝ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով: