ԱՄՆ-ն Հայաստանում բավական ակտիվ է աշխատում, փորձում է Հայաստանին «պոկել» Ռուսաստանից. Սոլովյով
Ռուսաստանի հետ հարաբերությունները հեշտ չեն, բայց ՌԴ-ն միշտ գալիս է օգնության, միշտ փրկում է: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:
Միաժամանակ, նա նշեց, թե ԱՄՆ-ն Հայաստանում բավական ակտիվ է աշխատում, փորձում է Հայաստանին Ռուսաստանից «պոկել»:
«Նայենք այն երկրներին, որոնց ԱՄն-ն արդեն պոկել է Ռուսաստանից: ՌԴ-ն չի կարողանում լավ փաթեթավորում անել, բայց ՌԴ-ի կոնֆետը միշտ կոնֆետ է: Իսկ թե ինչ կա այն գեղեցիկ փաթեթավորման մեջ, որն առաջարկում է ԱՄՆ-ն, մենք տեսել ենք՝ արյուն»,- ասաց Սոլովյովը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումներին, կարծիքներին, թե այդտեղ ՌԴ-ն թերացավ, հեռուստալրագրողը նշեց.
«Ո՞վ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Դուք նրան գիտե՞ք: Ո՞վ է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը: Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ-ում, պաշտոններին, որտե՞ղ են նրանք, որտե՞ղ են դեսպանները, որտե՞ղ են դեսպանի գործողությունները: Կարող են չէ՞ հայտարարել, թե ահա սա է Հայաստանի դիրքորոշումը: Դեսպանն ամենուր պետք է լիներ արդեն, պետք է ազդարարեր, թե ինչ է կատարվում: Հասկանալի է, որ ՌԴ և ՀՀ նախագահների միջև լավ հարաբերություններ կան, շատ լավ հարաբերություններ, բայց մյուսներն ո՞ւր են: Հայկական դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են գործի դրված, ցավոք, ոչ բոլորը: Ռուսաստանը գործի կդնի իր դաշնակցային հարաբերությունները, կօգնի, բայց չի կարելի ամեն ինչ ինքնահոսի թողնել, ասել, թե արեք մի բան»:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնին, ապա Սոլովյովն ասաց, որ իրենք լավ ընկերներ են երկար տարիներ, այն ժամանակից, երբ Կարապետյանը Հայաստանում դեռ հայտնի չէր, ուստի չի կարող գնահատել նրա նշանակումը վարչապետի պաշտոնին:










